Երբեմն լինում են պահեր, երբ ինքդ  պիտի զրոյանաս, հավասարվես հողին, նորից ծնվելու, լցվելու ու ինքդ քեզ գտնելու համար:  Եթե ինձ ինչ-որ մեկը սա ասեր տարիներ առաջ, ես ի պատասխան շատ բարձր կծիծաղեի, բայց… բայց երբեմն կյանքում լինում են բաներ, որ դու ինքդ կառավարել կամ փոխել չես կարող… այսօր, բայց  չէ՞ որ կա վաղը … վաղը  դու կարող ես լինել ու դառնալ ավելին, կարող ես լինել ու դառնալ քո լավագույն տեսակը…

Ես ժամանակ տվեցի ինքս ինձ վերագտնելու, ինքս ինձ ճանաչելու ու վերջապես հասկանալու, թե որն է այս կյանքում իմ կոչումը, ինչն եմ ես սիրում ամենից շատ, եվ վերջապես որն է էներգիայի իմ աղբյուրը… Ես փորում ու փնտրում էի շատ խորը… Հատ առ հատ թերթում անցած ճանապարհիս էջերը… Իմ էջերը որպես հաղորդավար, ասմունքող, խմբագիր, դասախոս… Ի՞նչն էր կապում նրանց բացի ինձանից… Պատասխանը որքան հեռու էր թվում, այնքան մոտ գտնվեց…Խոսքի ուժը…անբացատրելի ուժը, որը դռներ է բացում, տալիս է թեւեր, ստեղծում նորանոր հնարավորություններ:  Խոսքի ուժն անբեկանելի է, առաջին Մամ-ից սկսած մինչեւ մեծ բեմեր, ստացված հարցազրույցներ ու հաղթանակած բանակցություններ…

Պատասխանը իմ անցած ճանապարհի ու իմ արյան մեջ էր:  Ես հասկացա, որ պիտի շարունակեմ այն, ինչ սկսել էր տատիկս՝ մեծ Հրաչուհին, ես պիտի նրա պես օգնեի մարդկանց գտնել իրենց ձայնն ու  խոսքի ուժը…ինչո՞ւ, որովհետեւ կարող էի ու գիտեի՝ ինչպես…նա ինձ սովորեցրել էր, իրենից հետո էլ թողել էր գրքեր,  որոնց էջերին ասես հուշման պես նախապես նշել էր կարեւորագույնը, ասես գիտեր, որ երբ ժամանակը գա, բացելու եմ դրանք..

Հայրս ինձ միշտ ասում է՝ արա այն ինչ պետք է ու թող լինի այն, ինչ կլինի…

Այս ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել աշխատելու բազմաթիվ մարդկանց հետ… գրասենյակային աշխատողներից սկսած մինչեւ քաղաքական գործիչներ ու բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներ… եվ անկախ տարիքից կամ աշխատանքի բնույթից նրանց բոլորին  կապում էր խոսքի  միջոցով սեփական ձայնը լսելի դարձնելու մեծ ցանկությունը… մեծ ճանապարհի առաջին քայլը…

 Ես այստեղ եմ այդ ճանապարհը քեզ հետ անցնելու, քո ձայնը գտնելու,  խոսքիդ կշիռ հաղորդելու եւ ի գործ դնելու հենց քո խոսքի ուժը…

Հիշիր, որ անգամ լռության մեջ ասված խոսքերը պետք է հնչեն ճիշտ առոգանությամբ ու հստակ հնչյուններով…

Proudly powered by WELL PR Agency | © 2020